ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գրպանահատների արքային

Գրպանահատների արքային
18.03.2013 | 01:04

«ՓՈՐՁԻՐ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ` ԴՈՒ ՈՒ ԵՍ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ»
Ծափերը: Ծափերը: Ծափերը: Խելահեղ, տևական ու զրնգուն: Շառաչուն ծափերը: Չէ, իհարկե, կարևոր էին, հաճելի ու ցանկալի: Բայց դու ցավ ես զգում, իսկ քեզ ծափահարում են: Ու դու պիտի ժպտաս: Երջանիկ ու սիրալիր ժպտաս:
Ու` ամեն օր նույն ճանապարհը պիտի անցնես` ծափերի միջով դեպի նոր ծափեր, որովհետև եթե ծափերը դադարեն, ուրեմն դու վերջացել ես: Դու արդեն չկաս: Այդպիսին է քո մասնագիտությունը: Քո ընտրությունը:
Դու ընտրել ես մասնագիտություն, որտեղ չունես խոսելու իրավունք, որտեղ բառերը արգելված են, պիտի խոսես մարմնով, շարժուձևով, դիմախաղով, բայց ոչ բառերով: Դու բառերի իրավունք չունես, որովհետև դու ծաղրածու ես: Բառը քո պարտությունն է, ուրեմն չես կարողանում լռությամբ խոսել:
Բայց դու գտել էիր բառերի ճանապարհը, դու գրում էիր: Դու գրում էիր` ինչպես լռում էիր: Անտարբեր բառերով: Իրար հետ համարյա կապ չունեցող բառերով, որ քո տողերում հանդիպում էին առաջին ու վերջին անգամ, որովհետև այլևս ոչ ոք չէր կարող այդպես գրել: Տերևների մասին: Ստվերների: Երկնագույն կակաչների: Սրտի: Աստղային անձրևի: Լեռների: Սիրո: Աղջկա մասին, որ գիտեր թռչել: Այո-ի և ոչ-ի` «Քո ոչից ես գնում եմ դեպի իմ այո-ն բարակ ճոպանի վրայով, որ հյուսված է ցանկություններից, վարանումից ու սիրուց»: Ճանապարհի մասին, որ միակն էր, որ քեզ չէր դավաճանում: Խոստովանության: Առանցքի` առանց որի անիվը ոչինչ է: Ծափերի մասին, որ քեզ ցավ էին պատճառում և ցավի մասին, առանց որի դու արդեն չէիր կարող ապրել, որովհետև դու այլևս կրկեսի ծաղրածու չէիր, դու արդեն մարդ էիր` աշունը սրտում:
Դու հոգնել էիր ծափերից, բառերից, լռությունից: Ու ծափերի մեջ լռություն էիր երազում, լռության մեջ` բառեր, բառերի հետ` ծափեր: Աշխարհում ապրում էր քո աղջիկը` շեկլիկ, ինչպես մայրը, ում դու սիրում էիր բառերից, ծափերից ու լռությունից հետո: Եվ այդ սերը քո միակ կռվանն էր աշխարհի դեմ, որ քեզնից միայն ծիծաղ էր ուզում, որ քեզ չէր ուզում, այլ` ծիծաղը, որ միայն դու էիր այդպես անվերապահ վարար ու զրնգուն պարգևում: Ու դու հոգնում էիր նրանց ծիծաղից ու քո ծիծաղել չկարողանալուց` Ծաղրածուն` աշունը սրտում:
1935-1972` այսքան էր տրված քեզ, դու մահացար կրկեսում, և դա քո պատմությունն էր, որ գրում էիր դու:
«Մարդուն չի կարելի հենց այնպես վիրավորել: Որովհետև շատ վտանգավոր է: Իսկ գուցե նա Մոցարտ է: Մոցարտ, որ դեռ չի գրել ոչինչ, նույնիսկ «Թուրքական քայլերգը»: Դուք կվիրավորեք նրան, և նա այլևս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո երկրորդը, և աշխարհում կպակասի հիասքանչ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացումներն ու մտքերը, ուրեմն` լավ մարդիկ:
Իհարկե, երբեմն կարելի է և վիրավորել` ամեն մարդ Մոցարտ չէ, այնուամենայնիվ, մի վիրավորեք, իսկ գուցե...
Մի վիրավորեք մարդուն, պետք չէ:
Նա ձեզ նման մեկն է:
Պահպանեք միմյանց, մարդիկ»:
Առաջին ռաունդում դու հաղթել էիր` կրկեսը քոնն էր:
Երկրորդ ռաունդում դու հաղթել էիր` քոնն էին բառերը:
Վերջին ռաունդը հաղթեց քեզ, որովհետև ռինգում դու մրցում էիր քեզ հետ:
Ծափերն այլևս ցավ չէին պատճառում, լռությունը լռել էր ու ծիծաղում էր ծիծաղը, դու արդեն այնտեղ էիր, որտեղ սիրտը կրում են գրպանում ու գրպանահատ են բոլորը: Դու արդեն կարող էիր քեզ թույլ տալ բառեր, որ երբեք այլևս ոչ ոք չի իմանա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ